Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցող ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն իրեն ուղղված՝ «Ի՞նչ կասեք աշխատանքային երրորդ օրվա մասին» հարցին ի պատասխան ասաց.
-Նախ ուզում եմ օգտվել ինձ ընձեռված հնարավորությունից և Ստրասբուրգից մեր պատվիրակության անունից շնորհավորել բոլորիս հայոց բանակի օրվա առիթով, որ մեր ազատ, անկախ պետության զավակն է և նվաճումը, միաժամանակ՝ ազատության երաշխավորն ու պաշտպանը: Նաև ուզում եմ Արցախյան պատերազմում հաղթանակ տարած փառապանծ մարտիկների արժանի ժառանգորդը հանդիսացող մեր երիտասարդ զինվորների, երիտասարդ հերոսների տոնը շնորհավորել: Ուզում եմ թաքնված պատերազմի այս անհանգիստ օրերին քաջաբար և անձնազոհությամբ մեր երկրի սահմանները պաշտպանող մեր բանակի ողջ անձնակազմի, շարքային զինվորից մինչև հրամանատար, սպաների, գեներալների, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Արցախի բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի, գլխավոր գերագույն հրամանատարներ Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի տոնը շնորհավորել և ցանկանալ ամենա-ամենա-ամենակարևորը՝ խաղաղություն մեր երկրին: Շնորհավորում եմ և մեր երկրապահներին, ովքեր առաջինը ոտքի կանգնեցին և իրենց պայքարով օրինակ են ծառայում այսօրվա երիտասարդներին: Ես շնորհավորում եմ մեր զոհված ազատամարտիկների և զինվորների հարազատներին: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր հակառակորդը պարտվելով ռազմական պայքարում փորձեց ծանրության կենտրոնը դիվանագիտական հարթակ տեղափոխել, հիմա, Մինսկի խմբում բանակցությունների գործընթացը այնպես է ընթանում, որ նորից ստիպում է մեր հարևաններին վերադառնալ մարտի դաշտում վտանգավոր արկածախնդրության ակտիվացմանը, հուսալով, թե ինչ-որ կերպ կարող են իրավիճակը փոխհատուցել: Իվերջո, պիտի հասկանան, որ իրենց ջանքերը դատապարտված են, որ հույս չկա, ինչքան էլ զինվեն ու սպառազինվեն, ինչքան էլ նավթադոլարներով զենքեր և լոբիստներ գնեն, ինչքան էլ երազեն, թե իրենց նավթն ավելի ծանր է մեր արյունից: Միևնույն է, ապարդյուն է, քանզի մեր պայքարն արդար է, մենք ռազմի, թե դիվանագիտական դաշտերում պայքարում ենք մեր հայրենիքի, մեր ազատության և անկախության համար, ազգովի այդ պայքարի մեջ ենք և գիտենք, թե ինչի համար ենք պայքարում, իսկ ադրբեջանցիները՝ թե զինվոր, թե պաշտոնյա, մի պայքարի մեջ են, որ չգիտեն՝ ինչի համար է, ուստի չի կարող հաջողության բերել: